ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բոնուս-կտրոն առնեմ բիրիքով

Բոնուս-կտրոն առնեմ բիրիքով
25.09.2009 | 00:00

Պարզվում է` հայերը չեղած տեղն էլ կարող են բիզնեսի նոր ձև հնարել: Այդպես էր, ասենք, 90-ականների սկզբին, երբ փողոցներում սեփականաշնորհման սերտիֆիկատների առք ու վաճառք էր իրականացվում, հետո մոդայիկ դարձավ արտարժույթի առևտուրը: Իսկ հիմա, ինչքան էլ տարօրինակ թվա, փող աշխատելու նոր ձև է առաջ եկել. ինչ-որ գումարով գնել քաղաքացիներից կամ ընկերություններից ՀԴՄ-ներով «խփած» բոնուս-կտրոնները, այնուհետև հանձնել դրանք, ստանալ վճարման չեկը և հավելյալ գումար վաստակել այդ գործարքից: Այսպես, եթե քաղաքացին իր հավաքած ՀԴՄ կտրոններով դիմում է համապատասխան հարկային տեսչություն, որտեղ իր հանձնած կտրոնների քանակից և գումարից պետք է ստանա, ասենք, 10 հազար դրամ, ապա հավելյալ քաշքշուկից խուսափելու համար և մի քանի անգամ գնալ-գալու փոխարեն կարող է իր կտրոնների խմբաքանակը վաճառել 7-8 հազար դրամով և հանգիստ հեռանալ, իսկ բոնուս-կտրոնների «գնորդն» իր փոխարեն կստանա հասանելիք գումարը: Համենայն դեպս, վատ չէ, քանի որ տարբերություն չկա, թե ով է վերջնական արդյունքում հանձնում բոնուս կտրոնները, պարզապես պետք է արձանագրել, որ մեր կառավարությունն իր կամքից անկախ այս ճգնաժամային պայմաններում հավելյալ աշխատատեղեր է ստեղծել: Եվ այն խոսակցությունները, թե կառավարության ձեռնարկած «հակաճգնաժամային» քայլերն արդյունավետ չեն, մի քիչ շատ են չափազանցված։
Բայց երբեմն այնքան էլ հեշտ չէ հանձնել բոնուս-կտրոնները և ստանալ համապատասխան գումարը: Այսպես, եթե անձը պատրաստվում է հանձնել 1 և ավելի միլիոն դրամը գերազանցող գումար, պետք է համապատասխան զեկուցագիր գրի, թե որտեղից է ձեռք բերել այդքան կտրոնները: Վերջերս ականատես եղանք այսպիսի իրադրության: Մի երիտասարդ ցանկանում էր հանձնել 2 մլն 300 հազար դրամի 700 ՀԴՄ կտրոն, և պարզվեց, որ բոլոր կտրոնները նույն ընկերությունից էին, և անձը պետք է բացատրագիր գրեր: Մեկն էլ արդեն երրորդ անգամ չշահած ՀԴՄ-կտրոնների խմբաքանակ էր բերել հարկային տեսչություն:
Հարցին, թե ինչո՞ւ միանգամից իր ունեցած կտրոնները չի հանձնել, պատասխանեց, որ այս անգամ բերած ՀԴՄ կտրոնները վերցրել է ծանոթներից, ընկերներից, հարևան-բարեկամներից, սակայն, քանի որ երրորդ անգամ էր արդեն ՀԴՄ-կտրոններ ներկայացնում, պետք է բացատրագիր գրեր: Իսկ մի կին կտրոնի հետևի մասում ստորագրել էր ամուսնու փոխարեն և ամուսնու անձնագրով փորձում էր հանձնել դրանք, թեև ՀԴՄ կտրոններ հանձնողն անպայման պետք է ինքը ստորագրի և իր անձնագրով ներկայանա բոնուսը ստանալու: Բայց ակնհայտ է, որ բոնուսների կազմակերպական գործընթացը հարթ չի ընթանում, քանի որ յուրաքանչյուր հարկային տեսչությունում դրա իրականացումը դրված է քաղաքացիների սպասարկման բաժինների վրա, որտեղ հնարավոր չէ այդքան մարդ սպասարկել, թեև վերջերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կառավարություն` առանձին բոնուսների ստացման սպասարկման կենտրոններ ձևավորելու առաջարկով:
Ըստ ՊԵԿ-ի տվյալների, արդեն իսկ բոնուսների տրամադրման գործընթացում տարածքային հարկային տեսչությունների կողմից տրվել է մոտ 800 մլն դրամի 50 հազար միջնորդագիր, իսկ քաղաքացիների հոսքը դեռ շարունակվում է: Շնորհիվ ՀԴՄ կտրոններով վիճակահանության և բոնուսների տրամադրման, այս տարվա 7 ամսվա կտրվածքով, ի տարբերություն անցյալ տարվա, արձանագրվել է 40 մլրդ դրամից ավելի առևտրաշրջանառության ավելացում, որից ակնկալվում են մոտ 3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իր հրապարակած տվյալներում նշում է, որ անցյալ տարվա յոթ ամիսների համեմատությամբ այս տարի գրանցվել է մանրածախ առևտրաշրջանառության 0,1 տոկոս աճ: Սակայն պարզ է, որ ճգնաժամի պայմաններում մանրածախ առևտրի իրական ծավալները զգալիորեն կրճատվել են: Դրա մասին է խոսում այն իրողությունը, որ 2009-ի անցած յոթ ամիսներին ներմուծումը նվազել է 29,5 տոկոսով, ինչը փաստում է պահանջարկի զգալի անկման մասին: Իրողությունն այն է, որ գրանցվել է ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության ծավալների մեծացում, թեև սա իրական աճ չէ, պարզապես ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման և վերահսկողության ուժեղացման հետևանքով առևտրի ոլորտում տեղի է ունեցել ստվերի կրճատում, ինչը կարող էր ավելին լինել, եթե այն տարածվեր ոչ միայն միջին և փոքր բիզնեսի վրա, այլև խոշորի: Չնայած սրան, 2009-ի յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է նաև ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 5811 դեպք, որը գերազանցում է 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1859 դեպքով կամ 47 տոկոսով: Աճ է արձանագրվել նաև խախտմամբ արձանագրված գումարների ցուցանիշում (այն կազմել է 194,3 մլն դրամ կամ 69 տոկոս): Աճել է նաև ՀԴՄ շահագործման կանոնների 2-րդ և ավելի անգամ խախտման հետևանքով կասեցված տնտեսավարողների թիվը: Եթե 2008-ի հունվար-հուլիսին արձանագրվել է 59 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում 5 կամ 10 օրով, ապա 2009-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել է գործունեության կասեցման 534 դեպք, արդեն իսկ սեպտեմբերի տվյալներով այդ ցուցանիշը հասել է 700-ի:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3340

Մեկնաբանություններ